Տնտեսություն

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական աճը դանդաղում է

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղելով մինչև շուրջ 5%, կհասնեն «բնական» աճի մակարդակին։ Նախատեսվում է անցում ավելի չափավոր, բայց կայուն տեմպերի՝ առանց վերջին մի քանի տարիների՝ առավել դինամիկ ՀՆԱ աճի տատանումների։

Անցյալ տարեվերջի կանխատոեսումներով էլ՝ Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժը գնահատվել է տարեկան մոտ 5%, ինչը նախկինից բարձր է և կապված է բարեփոխումների, Ռուսաստանից ժամանած որակյալ աշխատուժի, փախստականների տնտեսությանը ինտեգրվելու և խաղաղության օրակարգի հետ։ 2026 թվականի համար գարնանը հիմնդրամի կանխատեսումը 5.3% աճն էր, իսկ ամռանը այն իջեցվել էր մոտ 5.25%-ի՝ ներքին պահանջարկի թուլացմամբ և Մերձավոր Արևելքի պատերազմով պայմանավորված առևտրային խափանումների պատճառով։

Այս ֆոնին՝ հիմնադրամը նաև ողջունել է Կենտրոնական բանկի ավելի զսպող դրամավարկային քաղաքականությունը՝ մասնավորապես վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 7% բարձրացնելով երկու անգամ՝ սեպտեմբերին և նոյեմբերին։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով