Տնտեսություն

Կառավարությունը ևս մի տրանշով աջակցում է արտահանողներին

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոս ամսվա ընթացքում մեծ ծավալով գյուղմթերք է արտահանվել՝ շուրջ 2481 տոննա լոլիկ, 460 տոննա չերրի լոլիկ, 1580 տոննա պղպեղ, 624 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 124 տոննա ելակ և ավելի քան 3,17 մլն հատ ծաղիկ, շուրջ 390 տոննա խնձոր, 322 տոննա սալոր, 159 տոննա կեռաս, 2203 տոննա դեղձ ու նեկտարին, 120 տոննա խաղող, ինչպես նաև 94 տոննա թուզ, ազնվամորի, մոշ և հոն, ինչպես նաև 45 տոննա տոմատի մածուկ։

Այնուհանդերձ, անհրաժեշտությունն առաջացել է Լրացուցիչ ֆինանսավորում իրականացնել, ինչը պայմանավորված է օգոստոսին արտահանված ապրանքների ծավալների և դրանց դիմաց պետության ստանձնած աջակցության պարտավորություններով։

Այսօր կառավարությունն ավելի քան 4,52 մլրդ դրամ հատկացրել է՝ գյուղմթերքի, սննդամթերքի և խմիչքի արտահանման, ինչպես նաև դեղձի ու թզի մթերման աջակցության ծրագրերի համար։

Ըստ արդեն հաստատված նախագծի՝ 2,065 մլրդ դրամ կհատկացվի ջերմատնային արտադրանքի արտահանման և ևս 2,456 մլրդ դրամ՝ թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման և վերամշակման նպատակով մթերմանն աջակցելու համար։

Այս բավական ծավալուն աջակցության ծրագիրը գործադիրը հատկացնելու է պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։ Եթե ավելի պարզ, չի վճարելու վարկի գումարը և այն ուղղելու է գյուղացիներին։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով