Բանկեր

Հայաստանյան երկու բանկ ապահովում են համակարգի աճի կեսը

Այս տարին հաջող է ընթանում հայկական բանկային համակարգի համար։ Մասնավորապես երրորդ եռամսյակը բանկերը փակել են համախառն ակտիվների 4,52%-անոց աճով՝ 625,78 մլրդ դրամով։ Ըստ հրապարակված տվյալների՝ վարկային ներդրումներն աճում են ավելի արագ՝ 5,33%-ով, հասնելով մինչև 9,01 տրլն դրամ։ Այնուհանդերձ, հետաքրքրական է այն, որ նման աճի շարժիչ ուժը հայաստանյան 17 բանկերից 2-ի հաշվին են, որոք աճի կեսն են ապահովում։ Եվ այդ բանկերն են՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը՝ ակտիվների զուտ աճի 50,30%-ով և վարկային ներդրումների զուտ աճի 51,58%-ով։

Հետաքրքրական է նաև այն, որ այս բանկերը համակարգի ակտիվներում 40,26% մասնաբաժին ունեն։ Այսինքն՝ խոշորներն աճում են շուկայից ավելի արագ։

Ակտիվների աճով առաջատարը Արդշինբանկն է՝ 161,38 մլրդ դրամ, որին հետևում է Ամերիաբանկը՝ 153,36 մլրդ դրամով։ Նրանցից մի քիչ հետ է մնում Ֆասթ Բանկը՝ 83,16 մլրդ դրամով, ապա IDBank-ն է (55,33 մլրդ) և հնգյակը ամփոփում է Ինեկոբանկը (51,13 մլրդ)։

Վարկային շուկայում առաջինը Ամերիաբանկն է՝ 117,76 մլրդ դրամ աճով։ Այստեղ նրանց զիջում են Արդշինբանկը՝ Ամերիկայի ցուցանիշից ընդամենը 240 միլիոն դրամով պակաս։ Հետո Ինեկոբանկն է (59,37 մլրդ), Ակբա բանկը (45,53 մլրդ) և Էվոկաբանկը (28,72 մլրդ)։

Ինչպես վերջին մի քանի տարիների վիճակագրությունն է ցույց տալիս, բանկային համակարգի շահույթը շարունակաբար աճում է։ Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում առևտրային բանկերի զուտ շահույթը կազմել է 334 մլրդ դրամ՝ աճելով 8,6%-ով։

Հետաքրքրական է, որ նման աճի պայմաններում ՀՀ ԿԲ-ն հայտարարել է, որ նախապատրաստվում է արտաքին ցնցումների։ Մարտին Գալստյանը հավանաբար նկատի ունի գազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների սրումը։ Սա միաժամանակ կարող է հնարավորություն ստեղծել խոշոր բանկերը՝ որպես կայուն հենարան և խոցելիության աղբյուր դիտարկելու համար։ Սովորաբար այդպես է լինում, երբ ոլորտային աճի առյուծի բաժինը հասնում է գրեթե մոնոպոլացված՝ երկու խաղացողի։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով