Ֆինանսական

250 մլն եվրոյի վարկ` Հայաստանի բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար

Հոկտեմբերի 1-ի կառավարության նիստի օրակարգում ներառված է Զարգացման ֆրանսիական գործակալությունից (AFD) բյուջետային վարկ ստանալու մասին համաձայնագրի նախագծի հարցը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի այդ գործակալությունից 250 մլն եվրոյի վարկ կստանա։

Ֆրանսիական վարկը AFD-ի և Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից համաֆինանսավորվող եռամյա ծրագրի առաջին ենթածրագրի մաս է։ Հայաստանի կառավարությունն այս գումարը, նաև  մինչև 250 մլն դոլարի համաֆինանսավորում ADB-ի կողմից, ուղղվելու է հանրային ֆինանսների և պետական պարտքի կառավարման, ֆինանսական շուկաների և մասնավոր հատվածի զարգացման ոլորտներում բարեփոխումներին։ Կառավարության պնդմամբ՝ ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ Հայաստանն արտաքին ֆինանսավորումից կախվածությունը նվազեցնի։

Սակայն մինչև բարեփոխումներն ու կախվածությունների նվազեցումը՝ այս վարկն ուղղվելու է 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Վարկի մարման վերջնաժամկետը 2046 թվականն է։ Առաջին 5 տարին կլինեն արտոնյալ, իսկ դրանից հետո՝ 15 տարվա ընթացքում մայր գումարը կմարվի տարեկան երկու անգամ՝ հավասարաչափ մարումներով։ Տրամադրվող վարկի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով