Լուրեր

Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուի տրամադրել է հետվճար

Ալիսա Սողոմոնյան
Ալիսա Սողոմոնյան
Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուի տրամադրել է հետվճար

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով։ Անգրավ բիզնես վարկերի պորտֆելն աճել է 71%-ով, իսկ բիզնես լիզինգի պորտֆելը՝ 55%-ով։

Այդ մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն եւ զարգացման մարտահրավերներ» խորագրով համաժողովի ավարտից հետո հայտարարել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության եւ Գերմանահայկական հիմնադրամի կողմից:

Բանկից հայտնել են, որ փոքր եւ միջին բիզնեսին աջակցելը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է։ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների փաթեթը՝ բիզնես հաճախորդներին առաջարկելով առավել հասանելի եւ շահավետ ֆինանսավորման պայմաններ։

«ՓՄՁ-ները կարեւոր դեր են խաղում երկրի տնտեսական զարգացման գործում, եւ մենք ձգտում ենք նրանց համար ֆինանսավորումը դարձնել հնարավորինս հասանելի եւ արագ։ Այսօր մեր ՓՄՁ ընդհանուր պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.5%, ինչը վկայում է մեր հաճախորդների պատասխանատու մոտեցման մասին: Մեր բարեխիղճ վարկառուներին հավելյալ աջակցելու համար մայիսի սկզբին ավելի քան 2 000 ՓՄՁ վարկառուների տրամադրեցինք հետվճար՝ ՀՀ դրամով պարտավորությունների մնացորդի 1.2% չափով», - նշել է Դավիթ Պետրոսյանը։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գործող 115 հազար ընկերությունից մոտ 16 հազարը ունի վարկեր, որոնց քանակը հասնում է 56 հազարի: Սա վկայում է, որ բանկերում առկա է բիզնեսի վարկավորման մեծ ներուժ:

«Բիզնեսի զարգացման գործում բանկային ծառայություններն առանցքային դեր ունեն։ Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի ներդրումներ, որոնք այլ պայմաններում տարիներ կպահանջեին։ Այդ արդյունավետ համագործակցության արդյունքում մեր բժշկական գործարանի զարգացումը շուրջ 7-8 տարով առաջ է անցել, ինչը եւս մեկ անգամ փաստում է, թե որքան կարեւոր է ճիշտ ժամանակին ֆինանսավորում ստանալն ու ներդրումներ կատարելու հնարավորությունը», - նշել է «ՄԵԳԱ ՄԵԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի եւ My City Dentist կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Կոլաջին:

Անդրադառնալով ՓՄՁ-ների ներկայացուցիչների հարցերին գրավի նկատմամբ պահանջների վերաբերյալ՝ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն ասել է, որ բանկերը հաճախորդի վարկունակությունը գնահատելիս առաջնորդվում են նաեւ ձեռնարկության կանոնադրական կապիտալի չափով եւ բիզնեսում սեփական ներդրման մակարդակով։ Նրա խոսքով՝ տեղական բազմաթիվ ձեռնարկություններում սեփական կապիտալի մասնաբաժինը դեռեւս փոքր է, ինչի հետեւանքով բանկերը ստիպված են ավելի խիստ պահանջներ սահմանել գրավի նկատմամբ։

Նշվել է նաեւ, որ Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում անգրավ Էքսպրես վարկավորմանը, ինչը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:

Էքսպրես վարկավորումը Յունիբանկի ամենապահանջված ծառայություններից մեկն է: «Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի՝ մինչեւ 60 ամիս ժամկետով եւ մինչեւ 10 միլիոն դրամ կամ $25 000-ի չափով։ Գործընթացների ավտոմատացման եւ արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգի շնորհիվ վարկի նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը մի քանի րոպեում։ Այս մոտեցումը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս արագ լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը:

Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է նաեւ բիզնես լիզինգը՝ ընդլայնելով ֆինանսավորման հնարավորությունները կորպորատիվ հաճախորդների եւ անհատ ձեռնարկատերերի համար։ Բիզնես լիզինգը տրամադրվում է առանց կանխավճարի, իսկ նախնական հաստատումը հնարավոր է ստանալ ընդամենը 5 րոպեում։

Յունիբանկը վերանայել է նաեւ POS տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները՝ սահմանելով դրանք 0.5%-0.9% Հայաստանում թողարկված քարտերի համար: 

ՓՄՁ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նպատակով Յունիբանկը զարգացնում է նաեւ թվային ծառայությունները։ Իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելվածի միջոցով հնարավոր է կառավարել հաշիվները, կատարել SWIFT միջազգային փոխանցումներ, ինչպես նաեւ վճարումներ գործընկերներին եւ բյուջե՝ զգալիորեն պարզեցնելով բիզնեսի ամենօրյա ֆինանսական գործառնությունները։ Յունիբանկն առաջարկում է նաեւ բազմարժութային բիզնես քարտ, որին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով։

Տարածել