Փոխարժեք

Ռուսաստանից կանխիկ ռուբլի հանելը բարդացել է

Սեպտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով էականորեն խստացվում են Ռուսաստանից կանխիկ ռուբլու դուրս բերման կանոնները։ Խստացումն ազդում է ԵԱՏՄ երկրների վրա՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ Այս շարքին ավելացել է նաև Ադրբեջանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Ինչ է սահմանվել. Հրամանագրի համաձայն՝ ֆիզիկական անձինք այլևս չեն կաորղանա 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար հանել երկրից։ Շատ ավելի խիստ է պահանջը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Նրանք առհասարակ չեն կարող կանխիկ գումար հանել երկրից՝ անկախ գումարի չափից։

Դեռևս այս տարվա ապրիլին արձակած մեկ այլ հրամանագրով՝ կանխիկ կարելի էր հանել երկրից 100 հազար դոլարին համարժեք ռուբլու չափով։ Ընդ որում, նախորդ սահմանափակումները չէին տարածվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։

1 միլիոնը գերազանցող գումարը հայտարարագրման պայմանով հնարավոր է դուրս բերել, եթե գումարը գնում է ցանկում չներառված երկրներ։

Ի՞նչ անել. 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ այնուամենայնիվ հնարավոր կլինի դուրս  բերել միայն ՌԴ կառավարության սահմանած միջազգային օդանավակայաններով, եթե բանկային քաղվածք կամ կառավարության ցանկում նշված այլ փաստաթղթեր ներկայացվի՝ գումարի ծագման վերավերյալ։ Արգելքը չի գործում միայն ՌԴ դիվանագիտական առաքելություններին աջակցելու նպատակով տեղափոխվող գումարների վրա։

Ինչ է սա նշանակում Հայաստանի համար. Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը կարծում է, որ այս արգելքն ուղղակիորեն անդրադառնալու է Ռուսաստանում ապրող, աշխատող կամ բիզնեսով զբաղվող հայերին։ Նրանք հաճախ են Հայաստան վերադառնալիս իրենց հետ կանխիկ ունենում։ Հիմա ստիպված են լինելու գումարը ընտանիքին փոխանցել բանկային փոխանցումների միջոցով՝ վճարելով միջնորդավճարներ։

Նարե Վահանյան
Նարե Վահանյան
Նարե Վահանյանը տնտեսական թեմաներով գրող լրագրող է 13 տարվա փորձով