Հայաստանում վարկերը թանկանում են
Արտաքին տնտեսական կայունացման ֆոնին՝ ՀՀ Կենտրոնական բանկը որոշել է 0,25% բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տնտեսության կառավարելիությունը բարձրացրացնող գործողություն է սա, թե՞ ցնցումների նախապատրաստություն։
4 տարվա մեջ տոկոսադրույքի առաջին բարձրացումը
Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը հաստատել է 6.75% վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը 0.25 տոկոսային կետով բարձր է ներկայիս ցուցանիշից։ Մեկ նորություն ևս․ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, իսկ առևտրային բանկերից ներգրավվող միջոցներինը՝ 5.25%։
Սա 2022 թվականի դեկտեմբերից մինչև օր տոկոսադրույքի առաջին բարձրացումն է։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ այս որոշումն ընդունվել է բավականին բարդ քննարկումների արդյունքում։ Եվ միայն իր քվեարկությամբ է փոխվել 4-ը 4-ի դեմ հավասարակշռությունը՝ հօգուտ տոկոսադրույքի բարձրացման։
Գնաճի ճնշումներ, «իրացվելիության ավելցուկ» և վարկերի թանկացում
Այս բարդ որոշման հիմքում, ըստ Գալստյանի, գնաճն է։ Իսկ 12-ամսյա գնաճը, Գալստյանի տվյալներով, 2026թ. օգոստոսին կազմել է 4.4%, ընդ որում՝ բնականոն գնաճը՝ 4.8%, ինչը գերազանցում է ԿԲ սահմանած 3% թիրախը։ Այսինքն՝ կյանքն այնուամենայնիվ Հայաստանում թանկանում է։
ԿԲ նախագահը նաև հայտնել է, որ Հայաստանում շատ փող կա՝ «իրացվելիության ավելցուկ» և կապիտալի հսկայական ներհոսք։ Նրա խոսքով՝ տնտեսության «բումի» մասին են վկայում ներքին ու արտաքին պահանջարկի բարձր մակարդակը, ծառայությունների ոլորտի ակտիվությունը և անշարժ գույքի գների շուրջ 20% աճը։ Ուստի, ԿԲ-ն որոշել է որդեգրել «բազեական» կոշտ քաղաքականություն։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը որոշ ժամանակ անց անպայմանորեն հանգեցնելո է նաև առևտրային բանկերի կողմից տրամադրվող սպառողական, հիփոթեքային և բիզնես վարկերի տոկոսադրույքների բարձրացման։
«Ապոկալիպտիկ» ցնցումնե՞ր են սպասվում
Բանախոսը հայտնել է, որ տնտեսական միջավայրի վրա ուղղակիորեն ազդուն են նաև արտաքին այնպիսի գործոններ, ինչպես Brent տեսակի նավթի թանկացումը (մեկ բարելը՝ շուրջ 107 դոլար), FAO պարենային ինդեքսի 6.1% աճը։ Հիշեցնենք, որ այս օրերին բենզինի գինը Հայաստանում հասել է 580–600 դրամի։
Գալստանն ասում է, որ ամենաէական անորոշությունը, Ռուսաստանից մատակարարվող բնական գազի գնի հնարավոր բարձրացումն է։ Հարցին, թե արդյոք ԿԲ-ն գնահատել է այդ ռիսկը՝ Մարտին Գալստյանը դրական է պատասխանել և նման սցենարն անվանել է «X տիպի» կամ «ապոկալիպտիկ»։ «Գազի գնի բարձրացումը կարող է ունենալ երկակի վատ էֆեկտ՝ առաջնային (ընդհանուր գնաճի կտրուկ աճ) և երկրորդային (արտադրանքի ու ջերմոցային տնտեսությունների ինքնարժեքի բարձրացում և տնտեսական անկման ռիսկ)։ Նման զարգացման դեպքում ԿԲ արձագանքը ստիպված կլինի լինել ավելի ուժգին, կոշտ և դուրս բնականոն գործիքակազմի շրջանակներից»,- ասել է նա։